«Հայփոստ»-ը կանոնավոր փոխադրումներ կիրականացնի դեպի Եվրոպա

16:35, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 29-ին Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ը ներկայացրեց աննախադեպ նոր ծառայություն և ձեռք բերված նոր մեքենաներ, որոնք ուղիղ բեռնափոխադրումներ կսկսեն դեպի Եվրոպա: Շնորհանդեսին ներկա է գտնվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա բարձր գնահատեց «Հայփոստ»-ի կողմից կատարված ներդրումը:

«Հուսով եմ, որ այս ներդրումը կնվազեցնի  սպասարկման վարձի գները: Իհարկե, այս ամենը կախված է «Հայփոստ»-ի  ղեկավարությունից և փոխադրվող բեռների քանակից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

2016 թվականի հոկտեբերի 1-ից Հայփոստն իրականացնելու է փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումները դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ, ինչի շնորհիվ ամրապնդվելու է Հայաստանի կապը եվրոպական երկրների հետ:

[gallery id= 57648]

Այս նորարարական բեռնափոխադրումների ծառայությունը կօժանդակի ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին՝ ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը:

Նոր ծառայության մատուցման նպատակով «Հայփոստ»ը ձեռք է բերել 2 նոր բեռնատար մեքենա, որոնց բեռնատարությունը կազմում է 27 տոննա: Մեքենաները կարող են հաղթահարել մինչև 4500 կմ ճանապարհ:

Նշված բեռնատարերի հետ մեկտեղ «Հայփոստ»-ի շարժակազմը համալրվել է 12 նոր ֆուրգոններով, որոնց երթուղիները կմեծացնեն Հայաստանի միջմարզային կապը:

Այս նոր 14 մեքենաների համար ամբողջական ներդրումը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: 

Վերջին 7 տարվա ընթացքում «Հայփոստ Թրանսթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն իր շարժակազմը համալրել է 140 մեքենայով: Ընկերությունը վերանորոգել և արդիանականացրել է 250 փոստային բաժանմունք հանրապետության ամբողջ տարածքում:


© 2009 ARMENPRESS.am