Բուհերում կլաստերային աուդիտ կիրականացվի. քննարկում ԿԳՆ, ՈԱԱԿ և բուհերի մասնակցությամբ

17:43, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»  հիմնադրամի  (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորներն այսօր Կրթության և գիտության նախարարությունում հանդիպում ունեցան ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՈԱԱԿ-ից, հանդիպման նպատակն էր ներկայացնել բուհերում կլաստերային աուդիտ անցկացնելու համատեղ մշակված ծրագիրը:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ բուհերի հետ քննարկումների արդյունքում եզրակացրել են, որ մասնագիտական կրթական ծրագրերի քանակը մեծ է, և յուրաքանչյուր մասնագիտության կրթական ծրագրի առանձին հավատարմագրումը  բուհերի համար մեծ ֆինանսական բեռ կդառնա:  Ուստի առաջարկվում է նախ բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ իրականացնել, որի արդյունքում բուհերը կպատրաստվեն  ծրագրային հավատարմագրմանը, ինչպես նաև  նույն կրթական ծրագրերն ունեցող բուհերի միջև համեմատության հնարավորություն կլինի:

Պարոն Թոփչյանի խոսքով`կլաստերային աուդիտը կխթանի  մասնագիտությունների խոշորացմանը և  հավատարմագրման ծախսերի կրճատմանը:

Ըստ առաջարկվող ծրագրի` կլաստերային  աուդիտը պարտադիր պետք է լինի բոլոր բուհերի համար: Յուրաքանչյուր կլաստերում ուսումնասիրություն կիրականացվի 4 չափանիշներով` մասնագիտության կրթական ծրագրեր;  գնահատում, դասավանդում և ուսումնառություն; դասախոսական կազմ և ռեսուրսներ; որակի ապահովում:

ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, կարևորելով  հավատարմագրումը, նշեց, որ որակի հավաստման շրջափուլային գործընթացի արդյուքնում աստիճանաբար ասպարեզից դուրս կմնան անորակ բուհերն ու մասնագիտության կրթական ծրագրերը:

ԿԳ նախարար Լևոն  Մկրտչյանը  կարևորեց բարձրագույն կրթության որակի ապահովմանը  և բուհական համակարգի զարգացմանը միտված գործողությունները: Նա նշեց, որ Համաշխարհային բանկի հետ քննարկմանն առաջարկել է հաջորդ վարկային տրանշն ուղղել բարձրագույն կրթությանը:

Պարոն Մկրտչյանն առաջարկեց ՈԱԱԿ-ի և բուհերի մշակած ծրագիրը գրավոր տեսքով նախարարություն ներկայացնել` ռեկտորների խորհրդում քննարկելու և   կլաստերային աուդիտի իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: ԿԳ նախարարը կարևորեց նաև ՈԱԱԿ առաջարկը, ըստ որի բուհերի համար ծրագրային հավատարմագրման որոշակի պարտադիր տոկոս պետք է սահմանվի յուրաքանչյուր տարվա համար:  Նախարարը  բուհերին առաջարկեց  արդեն իսկ սկսել մշակել ծրագրային աուդիտին հաջորդող ծրագրային հավատարմագրման ճանապարհային քարտեզը: 


© 2009 ARMENPRESS.am