Ֆրանսուա Ռոշբլուանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:45, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետեւ նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել ցուցանմուշներին:

Ֆրանսուա Ռոշբլուանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղեւնի տնկել Հիշողության պուրակում:

«Ես ամեն անգամ հուզվում եմ՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կուզենայի հատուկ շեշտել, որ այս ծառը ոչ միայն իմ անունից է տնկված, այլեւ Ֆրանսիայի բոլոր այն պատգամավորների, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծին»,- ասել է պարոն Ռոշբլուանը եւ կարեւորել Հայոց ցեղասպանության եւ առհասարակ բոլոր ցեղասպանությունների դատապարտումը:  


© 2009 ARMENPRESS.am