Տեսաֆիլմերը և խաղերը կարող են լեզուն արագ սովորելու լավ միջոց լինել

19:00, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեզուների  եվրոպական օրվա» շրջանակում ԵՊԼՀ-ի բակում տեղի ունեցավ այդ օրվան նվիրված տոնավաճառ և համերգային ծրագիր: «Հրավիրել ենք Երևանի միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների: Ներկայացնում ենք Բրյուսովի համալսարանում  դասավանդվող 22 օտար լեզուները  և կրթական ծրագրերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը: 

ԵՊԼՀ-ն իրականացնում է ոչ ֆորմալ կրթության ծրագիր` համագործակցելով «Եվրոպական կամավորական ծառայության» հետ: Հրավիրվում են տարբեր երկրներից երիտասարդներ, որոնք, մեկ տարվա ընթացքում ապրելով Հայաստանում,   ուսանողներին ծանոթացնում են իրենց մշակույթին և պատմությանը: Այս տարի ներկա էր կամավորական նաև Խորվաթիայից:

«Սիրով Խորվաթիայից եկել եմ Հայաստան իմ լեզվին և պատմությանը հայերին ծանոթացնելու նպատակով»,-ասաց  կամավորականը:

Գերմանիայից Հայաստան ժամանած Աննան ընդգծեց, որ Հայաստանում գերմաներենի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, և  ինքը տեսաֆիլմերի, տարբեր խաղերի միջոցով կարողանում է լեզուն հստակ մատուցել  ուսանողներին և աշակերտներին:

«Ամեն տարի 5 կամ 6 կամավորական է գալիս մեզ մոտ: Իրենց երկիր վերադառնալով` նրանք պարբերաբար Հայաստանին առնչվող  հոդվածներ են գրում: Վերջերս Հայոց Ցեղասպանությանը նվիրված հոդված էին հրատարակել Լեհաստանում: Կամավորականները  իրենց երկրում Հայաստանի դեսպաններ են դառնում»,-շեշտեց ուսանողության, երիտասարդության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

Ուսանողները միջոցառմանը շատ ակտիվ  էին: Նրանք հանդես եկան տարբեր ժամանակակից պարային համարներով` աշխուժացնելով անգամ դասախոսներին:

«Լեզուների եվրոպական օր» ամենամյա նախագիծն իրականացվում է 2001թ.: Ծրագրի նպատակն է աջակցել լեզվական բազմազանությանը, աշխարհում տարբեր լեզուների  դասավանդման զարգացմանը: Այն հիմնվել է Եվրոպայի խորհրդի կողմից:

Հաջորդ ամիս նման ծրագիր կանցկացվի նաև Գորիսում և Կապանում:


© 2009 ARMENPRESS.am