Ադրբեջանի կառավարությունը վարձել է հանրաքվեի համար կեղծ հարցումներ անցկացնող կազմակերպությունների

15:41, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլըն հայտնում է, որ ժողովուրդը զանգվածաբար հրաժարվել է մասնակցել երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

«Հանրաքվեին բնակչության մասնակցության մասին տվյալները, որոնք հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սուտ են: Նրանք, ովքեր քվեարկում են, բյուջետային աշխատակիցներ են: Նրանց հորդորել են դուրս գալ և քվեարկության տպավորություն ապահովել»,- ասել է Հասանլըն` նշելով, որ քիչ առաջ իր կողքով անցել է ընտրական «կարուսելի» մասնակիցների մի խումբ, որը մի ընտրատեղամասից անցնում էր մյուսը:

Ընդդիմադիր ազգային խորհրդի ղեկավարը նշել է, որ կառավարությունը չի թույլատրել իրենց դիտորներին հետևել հանրաքվեի ընթացքին: «Երեկոյան Ադրբեջանի կառավարությունը կներկայացնի այն թիվը, որն իրենք նախապես են պատրաստել: Կառավարությունը ստորագրել է համաձայնագիր ինքնակոչ ֆրանսիական և ամերիկյան կազմակերպությունների հետ, որոնք պետք է հետևեն քվեարկության ընթացքին: Կազմակերպությունները կեղծված հարցումներ են անցկացրել: Դրանցից մեկի տվյալներով` հանրաքվեին մասնակցելու է ընտրազանգվածի 86 տոկոսը, իսկ մյուսի տվյալներով` 92 տոկոսը»,- նշել է Հասանլըն` համոզմունք հայտնելով, որ օրվա վերջում հենց այս թվերն էլ հնչեցվելու են:


© 2009 ARMENPRESS.am