Երեւանի ծննդյան օրը նվերներ կմատուցվեն սոցիալական ծրագրում ընդգրկված 2798 ընտանիքների

15:04, 26 Սեպտեմբեր, 2016

 ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում Երեւանի քաղաքապետարանը սոցիալական ծրագրում ընդգրկված 2798 ընտանիքների նվերներ կմատուցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:  Նա նշեց, որ սոցիալական բաղադրիչի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն իսկ կազմել է ընտանիքների ցանկը, որոնք կընդգրկվեն «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում: «Այս ծրագրի հիմնական առաքելությունը Երեւանի տոնի կապակցությամբ բնակիչների հանդեպ ուշադրություն ցուցաբերելն է»,-ասաց նա:

Զաքարյանը հավելեց, որ տոնի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները կայցելեն  100 եւ ավելի տարիք ունեցող 19  տարեցների` սոցիալական աջակցություն ցուցաբերելու: «Տարեցների կենտրոններում, ինչպես նաեւ բարեգործական ճաշարաներում կանցկացվեն տոնական միջոցառումներ»,-ասաց Սուքիասյանը:

 Ծրագրի շրջանակներում բնակարաններ կտրամադրվեն ոչ միայն գիտության եւ արվեստի ներկայացուցիչներին, այլեւ բազմազավակ ընտանիքներին: «Այս տարի եւս կունենանք Երեւանի պատվավոր քաղաքացիներ: Նրանց անունները պարզ կդառնան ավագանու առաջիկա նիստին»,-հավելեց Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը:

Երեւան քաղաքի «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության այս տարվա կարգախոսն է «Երեւան արեւի քաղաք»: Մայրաքաղաքի տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 8-ին: 


© 2009 ARMENPRESS.am