Թուրքիայում արգելել են ԵԽ նախկին պատգամավորի մուտքը երկիր

12:56, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի նախկին անդամ և թուրքական ընդդիմադիր Today’s Zaman պարբերականի սյունակագիր Յոսթ Լախընդիյքի մուտքը Թուրքիա արգելվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk լրատվամիջոցը:

Լախընդիյքը Ամստերդամից օդանավով ժամանել է Ստամբուլ, որտեղ բնակվում է արդեն երկար ժամանակ: Այստեղ, սակայն, նրան թույլ չեն տվել մտնել երկիր, և լրագրողը ստիպված ուրիշ ինքնաթիռով վերադարձել է հետ` Ամստերդամ:

Թուրքական կողմից Լախընդիյքին հայտնել են, որ նա Հաագայում Թուրքիայի դեսպանությունից համապատախան վիզա չի ունեցել երկիր մուտք գործելու համար:

Թվիթերյան իր միկրոբլոգում լրագրողը, ով ազգությամբ թուրք կնոջ հետ 2009 թվականից բնակվում է Թուրքիայում, հույս է հայտնել, որ երկիր մուտք գործելու արգելքի իրական պատճառը հենց վիզան է: «Հուսով եմ, որ սա բացառապես բյուրոկրատական խոչընդոտ է, այլ ոչ թե ընդմիշտ իմ մուտքն արգելող որոշում»,- նշել է նա:


© 2009 ARMENPRESS.am