Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն. Շավարշ Քոչարյան

16:49, 15 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում հանդես եկավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով` ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտություն է առաջացել լրջորեն վերանայել այն փոխզիջումները, որոնք տեղ էին գտել Մադրիդյան սկզբունքներում:

«Այնտեղ կար Արցախում հետաձգված հանրաքվե անցկացնելու մասին դրույթ: Դրա նպատակն այն էր, որ այդ ժամանակահատվածում Բաքուն պետք է նախապատրաստի իր հասարակությանը այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց այդ ժամանակը նա օգտագործեց ապրիլին այլ նպատակով: Այդ իրավիճակում բանակցային գործընթաց չի կարող լինել, չի կարող լինել առաջընթաց: Ամեն ինչ կախված է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց: Քննարկման առարկա է այն, որ պետք է հրադադարի ռեժիմն ամրապնդվի, վերջ դրվի ադրբեջանական դիվերսիաներին, ավելացվի ԵԱՀԿ առաքելության լիազորությունները»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:


© 2009 ARMENPRESS.am