Քաղաքագետը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականության անհրաժեշտություն է տեսնում

17:29, 12 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է շարունակի տարբեր ծրագրերի իրականացումը ՆԱՏՕ-ի հետ: «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն ՈՒելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «ՆԱՏՕ-ն մեզ օգնում է, որպեսզի մեր բանակի կառավարումն ուժեղանա, կապի հնարավորությունները զարգանան, այլ ծրագրեր է իրականացնում: Մենք պետք է շարունակենք այդ ծրագրերը, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ մարտահրավերները շատանում են, իսկ եթե դու աշխատում ես միայն մի երկրի հետ ու միայն մի համակարգում, այդ մարտահրավերներին հնարավոր չէ պատասխանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց քաղաքագետը:

Գրիգորյանի խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը պետք է դաս լինի հայկական կողմի համար: «Որքան էլ մենք հուժկու հակահարված տվեցինք հակառակորդին, բայց ինչ-որ չափով մենք պատրաստ չէինք այդ պատերազմին: Դրա համար և անվտանգության, և տնտեսության ոլորտներում պետք է դիվերսիֆիկացիա լինի: Մենք աշխատել ենք ՆԱՏՕ-ի հետ, համագործակցել ենք, միշտ կողմնակից ենք նաև, որպեսզի Հայաստանը ակտիվ համագործակցի նաև Եվրամիության հետ: Մենք պետք է աշխատենք հնարավորինս շուտ Եվրամիության հետ ստորագրել համագործակցության նոր համաձայնագիրը՝ մեր երկրի անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նրա գնահատմամբ՝ վտանգ կա, որ Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ ուղղված նոր քայլերի կգնա, ուստի հարկավոր է դիվերսիֆիկացնել անվտանգության համակարգը՝ աշխատելով ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ:  


© 2009 ARMENPRESS.am