«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է

12:29, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում օգոստոսի 30-ին ժամը 3.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բռնկման փաստն արգելոցի աշխատակիցների կողմից արձանագրվել է 5:00-ին: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել  9:00-ի սահմաններում, սակայն բարձրացած քամու պատճառով ժամը 16:30-ի սահմաններում այն կրկին բռնկվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման 30 հրշեջ-փրկարար:  Հրդեհն այս պահի դրությամբ մեկուսացված և հանգցված է: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից տեղում հայտնաբերվել է հրդեհի պատճառ հանդիսացող Կապան քաղաքի 56-ամյա բնակիչ Ա. Առաքելյանը: Հրդեհի արդյունքում այրվել է արգելոցի մոտավորապես 15 հա խոտածածկ տարածք:


© 2009 ARMENPRESS.am