Կայացավ Հայաստանի ավագ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

18:47, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն օգոստոսի 30-ին ներկա գտնվեց Երեւանի եւ մարզերի ավագ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որի ընթացքում ԿԳ նախարարը խոսեց ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաեւ ձեռքբերումների մասին:

«Ունենք շատ նորամուծություններ, որոնք սերտ կապ ունեն ավագ դպրոցի բարեփոխումների հետ: Մենք միասնական պետք է դիտենք այդ անցումը` առաջ քաշելով երեք հարց` կապված ավագ դպրոցների հետ.  առարկայացանկի վերջնական հստակեցում, անցման մատչելիության, թափանցիկության, արդարության սկզբունքների պահպանում եւ բակալավրի կրթության բեռնաթափում:  Մյուս կողմից էլ ոչ միայն ավագ դպրոցների, այլեւ հիմնական դպրոցների հարցն է, քանի որ հանրապետության բացարձակ մեծամասնությունը հենց միջնակարգ դպրոցներ են. թող չստեղծվի այնպիսի տպավորություն, որ  մենք աշխատում ենք  միայն այս 100 դպրոցի համար: Կա 1430 դպրոց, որոնցից բոլորը պետք է ունենան իրենց զարգացման ծրագիրը` ելնելով սեփական կարիքներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լեւոն Մկրտչյանը:

2016-2017 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման էր ստորագրել` օգոստոսի 25-30-ը մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու վերաբերյալ: 


© 2009 ARMENPRESS.am