Ուզբեկստանի նախագահի մահվան մասին հակասական լուրեր են տարածվում. պաշտոնական հաստատում չկա

12:11, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգվածային լրատվական միջոցները հայտնում են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեռևս պաշտոնական հաստատում այս մասին չկա: Ուզբեկական «Ֆերգանա» լրատվական գործակալության հաղորդմամբ` Քարիմովը մահացել է Տաշքենդում 79 տարեկանում` ուղեղի արյունահոսությունից: Հղում անելով սեփական աղբյուրներին` «Ֆերգանա»-ն գրում է, որ մահը վրա է հասել օգոստոսի 29-ին տեղի ժամանակով 15:00-16:00-ի սահմաններում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ТАСС-ին ասել է, որ իրենք այդ տեղեկատվության որևէ հաստատում չունեն:

Ren.tv-ի փոխանցմամբ` օգոստոսի 26-ին Քարիմովը վատ է զգացել հանդիսավոր արարողության ժամանակ: Նա կորցրել է գիտակցությունն ու ընկել գետնին, որից հետո նրան հոսպիտալացրել են: Ավելի ուշ նրա դուստրը հայտնել է, որ հայրը ուղեղի արյունահոսություն է տարել:

Ուզբեկստանի երկարամյա առաջնորդի մահվան մասին լուրերը դեռևս պաշտոնապես չեն հաստատվել:

Իսլամ Քարիմովը ստանձնել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնը 1991 թվականին: 


© 2009 ARMENPRESS.am