Դասական երաժշտության եզակի համերգով Գյումրիում ելույթ կունենա «ԴԵԼԼԱԼՅԱՆ ՏՐԻՈ»-ն

19:40, 29 Օգոստոս, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասական երաժշտության եզակի համերգով օգոստոսի 30-ին Գյումրիում ելույթ կունենա «ԴԵԼԼԱԼՅԱՆ ՏՐԻՈ»-ն (Լիսաբոն):

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Վաչե Շարաֆյանի, Մարիո Լաժինյաի և Ալֆրեդ Շնիտկեի ստեղծագործությունները: 

Հայաստանում համերգներով հանդես գալը տրիոյի և «Արտ ՓիԱր» ընկերության նախաձեռնությունն է , իսկ աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը: 1995  թվականին Լիսաբոնում ստեղծված Տրիոն կրում է երաժիշտներից երկուսի ՝ Մարինա և Նարինե քույրերի հոր՝ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի անունը. Մարինան դաշնակահարուհին է, իսկ Նարինեն՝ ջութակահար: Տրիոյի թավջութակահարը Նարինեի ամուսինն է՝ Լևոն Մուրադյանը (Հայրիկ Մուրադյանի որդին):

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նարինեն անկեղծանում է: «Կապ չունի, որ Լևոնն իմ ամուսինն է, ես ինձ երջանիկ եմ համարում, որ նվագում ենք միասին՝ պրոպագանդելով դասական արվեստը: Լևոնը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է և մեր համար պատիվ է աշխատել Լևոնի հետ, Լևոնի կողքին»,-նշեց Նարինե Դելլալյանը՝ փաստելով, որ լինելով նախ հայտնի արվեստագետների երեխաներ, ապա նաև երաժիշտներ, ծառայում են մեկ նպատակի:

Երբեմն տրիոն «դառնում» է  նաև  քառյակ, երբ որդիներն են միանում գործին: Տրիոն իր համերգային ծրագրում ընդգրկում է հայ կոմպոզիտորների տարբեր ստեղծագործություններ՝ հաճախ լինելով Պորտուգալիայում՝  նպատակ ունենալով տարբեր ազգություններ ունեցող  հասարակությանը,  հնարավորություն տալ ճանաչել և գնահատել հայ դասական ժամանակակից ստեղծագործությունները: 

«Մեզ համար կարևոր են այս համերգները, կարող ենք տարբեր տեղեր ելույթ ունենալ, տարբեր բեմերում, բայց զգացողությունը միշտ տարբեր է լինում, երբ գալիս ենք մեր ժողովրդի ու ազգի առջև ենք ելույթ ունենում. ավելի հուզական է: Մեր ցանկությունն էր ելույթ ունենալ հատկապես Գյումրիում՝ իր մշակութային առաջինը լինելու իմաստով և այստեղ ապրող մարդկանց արժեքով: Լավ է, որ այս մեր մտադրությունը  ի կատար է ածվում ՀՀ մշակույթի նախարարության և «Արտ ՓիԱր» ընկերության  կազմակերպչական աշխատանքների շնորհիվ: Այսօրվան շատ ենք սպասել»,-հավելեց Նարինե Դելլալյանը:

«ԴԵԼԼԱԼՅԱՆ ՏՐԻՈ»-ի անդամներն իրենց երաժշտական կրթությունը ստացել են Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում և հետագայում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:   Թավջութակահար Լևոն Մուրադյանը շարունակել է իր ուսումնառությունը նաև Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում:Տրիոն պարբերաբար ելույթներ է ունեցել Պորտուգալիայի լավագույն համերգային դահլիճներում՝  Գյուլբեկյան հիմնադրամի, Սան-Կառլոս օպերային թատրոնի, Բելենի մշակութային կենտրոնի, Կելուժի, Ֆոժ  թագավորական պալատների, շատ համերգասրահներում, թանգարաններում ու մշակութային կենտրոններում: Տրիոն համերգային ծրագրով հանդես է գալու նաև Երևանում՝ սեպտեմբերի 3-ին: 

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am