Ռոման Ամոյանն ու Վարշամ Բորանյանը կմասնակցեն Իրանի ըմբշամարտի թիմային առաջնությանը

17:02, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փորձառու ըմբիշները վերջին տարիներին իրենց համեմատաբար հանգիստ շրջանն ակտիվացնում են տարբեր երկրների թիմային առաջնություններում հանդես գալով: Հայաստանի առաջատար մրցավարներից մեկի՝ Ալի Դոլաթխայի աջակցությամբ 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու 71 կգ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը կմասնակցեն Իրանի առաջնությանը: Հայաստանի հունահռոմեական  ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամներն էլ  հանդես կգան Իզե քաղաքի համանուն թիմի կազմում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Ռոման Ամոյանը վերջին տարիներին մեծ հաջողությամբ հանդես են եկել Գերմանիայի թիմային առաջնությունում՝ իրենց թիմերի հետ ոչ մեկ անգամ նվաճելով մրցանակներ: Անցյալ տարի Հնդկաստանի թիմային առաջնությունում լավ մրցելույթներ  է ունեցել  ազատ ոճի ըմբիշ, գերծանր քաշային Լևան Բերիանիձեն:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am