Թուրքիայում ձերբակալվել են սահմանադրական դատարանի աշխատակիցներ

15:55, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ձերբակալվել են Թուրքիայի սահմանադրական դատարանի 5 աշխատակիցներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Ձերբակալվածները կասկածվում են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու եւ մասնակցության մեջ:

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է ընդունել: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ի կառավարությանը երկու հարցում են ուղարկել Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու խնդրանքով:

Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքը հայտնել է, որ պետական հեղաշրջման փորձից հետո որոշում է ընդունվել երկրի ԶՈւ կազմից պահուստ ուղարկել 586 գնդապետների:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում էլ հայտնել է, որ երկրի ԶՈւ-ն մաքրվել է դավաճանների մեծ մասից, որոնք մասնակից են ռազմական հեղաշրջման փորձին: Նա հավելել է, որ ներկա դրությամբ Թուրքիայի ԶՈւ շարքերից ազատված զինվորականների թիվը հասել է 3725 մարդու:

Պաշտոնական տվյալներով` հուլիսի 28-ի դրությամբ Թուրքիայի ԶՈւ շարքերից հեռացվել է 149 գեներալ եւ ծովակալ: Բացի այդ, ձերբակալվել են նահանգապետի 63 օգնական, տեղական ինքնակառավարման մարմինների 46 ղեկավար, 7912 այլ պետական պաշտոնյաներ, տարբեր կառույցների քաղաքացիական աշխատողներ:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու կամ աջակցելու մասով բացված քրեական գործով անցնում են 2245 զինվորական դատավոր եւ դատախազ, վճռաբեկ դատարանի 108 դատավոր, պետական խորհրդի (բարձրագույն վարչական դատական մարմին) 41 անդամ, սահմանադրական դատարանի, դատավորների եւ փաստաբանների բարձրագույն խորհրդի 7 անդամներ:


© 2009 ARMENPRESS.am