Շվեյցարիայում բնակվող բարերարների աջակցությամբ Գյումրիում ևս մեկ ընտանիք ստացավ բնակարան

17:02, 24 Օգոստոս, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 24  ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռավոր Շվեյցարիայում բնակվող բարերարների աջակցությամբ Գյումրիում տնակում բնակվող Մակարյանները ստացան բնակարանի բանալիներ: 

Ավելի քան 25 տարի Գյումրու ավտոկայան  թաղամասի 104/833 տնակում բնակվող Մակարյանները հույս էլ չունեին, որ մի օր կարող են տեղափոխվել քարաշեն բնակարան՝ քաղաքի նորակառույց «Մուշ 2» թաղամասում:

Նախաձեռնության հեղինակ շվեյցարաբնակ Թերեզա  Մխիթարյանի  անակնկալ այցը օգոստոսի 24-ին նախ զարմացրեց  Մակարյաններին.  տան փոքրիկներին դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ, մի փոքր հարց ու փորձ, ապա անսպասելի նորություն՝  Մակարյանները հենց նույն օրը կարող են տեղափոխվել նոր բնակարան՝ նոտարական ձևակերպումը կիրականացվի օգոստոսի 25-ին:

Որպես պարտադիր պայման՝ տնակից բնակիչները պետք է նոր բնակարան տեղափոխվեն 4 օրերի ընթացքում, իսկ տնակն անմիջապես քանդվելու է, տարածքը՝ կանաչապատվելու: Ընտանիքը իրավունք չունի նաև 15 տարի բնակարանը վաճառելու: Սա անօթևանի կարգավիճակ չունեցող և այդ պատճառով բնակարան ունենալու հույսն էլ կորցրած Մակարյանների համար ավետիս էր: Ընտանիքի մեծերը հիվանդության կարգային թոշակառուներ են, տան միակ աշխատողը որդին է, ով մեծացել, ընտանիք է կազմել ու 2 երեխա ունեցել այս նույն տնակում: Ընտանիքի ուրախությունը կրկնապատկվեց,  երբ հենց նույն օրը բոլորը միասին գնացին նոր բնակարանը տեսնելու, որտեղ և Մակարյաններին հանձնվեցին տան բանալիները:

«1989 թվականից տնակում ենք: Երկար տարիներ՝ մինչև  1988 թվականի երկրաշարժն, աշխատել եմ «Տեքստիլ» կոմբինատում, ապրել  վարձով ու  սպասել բնակարանի հերթին, բայց, ցավոք, երկրաշարժն ամեն ինչ փոխեց: Տնակում դժվարությունները շատ են, բայց շնորհակալ եմ բարի մարդկանց, հիմա արդեն ամեն ինչ կփոխվի»,-նշեց  Դմիտրի Մակարյանը:

«Մենք չենք տալիս բնակարանը և վերջ, մենք նրանց հետ կապը մինչև վերջ պահպանում ենք՝ հետևում կրթության, առողջական խնդիրներին, եթե անհրաժեշտ է, օգնում  նաև նոր մասնագիտություն ձեռք բերել»,-նշեց Թերեզա  Մխիթարյանը՝   փաստելով, որ առաջին անգամ Գյումրիում այս նախաձեռնությամբ հանդես եկավ 2015 թվականի հոկտեմբերին: 

Բարերարներն այս նախաձեռնությունն իրականացնում են «Շիրակ կենտրոն»-ի միջոցով: Կենտրոնի նախագահ Վահան Թումասյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ միայն վերջին 6 ամիսների ընթացքում Գյումրիում այս նախաձեռնությամբ 16 ընտանիք բնակարան է տեղափոխվել. նրանց 90 տոկոսը՝ հենց շվեյցարաբնակ բարերարների աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am