ԼՂՀ-ում առաջարկում են անկախության 25-ամյակին համաներում հայտարարել

14:25, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 24-ին խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի  պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկման նյութն Արցախի Հանրապետության նախագահի առաջարկնէր՝ ԼՂՀ  հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Սահմանադրության և Ազգային ժողովի Կանոնակարգի համաձայն, նշված առաջարկությունը խորհրդարան է ներկայացվում ԱԺ համապատասխան որոշման նախագծի տեսքով, որը պետք է հավանության արժանանա ԱԺ լիագումար նիստում:

Նախօրեին ներկայացված որոշման նախագիծը պատգամավորները քննարկել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և անհրաժեշտ պարզաբանումներ ստացել ԼՂՀ  Նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանից:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին ժամը 11:00-ին հրավիրվում է արտահերթ նստաշրջան՝ հանրապետության նախագահի առաջարկած օրակարգով:


© 2009 ARMENPRESS.am