Վարորդների կողմից վթարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է

12:46, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը 50 հազար դրամից բարձրացվել է մինչև 100 հազար դրամի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը` նշելով, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

«Եթե հիշում եք, մենք մարտ ամսին ներդրեցինք վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման այս համակարգը: Որոշակի փորձարկումների արդյունքում մենք եկանք այս եզրահանգման, որ վնասի շեմը կարող ենք բարձրացնել ու անցում կատարել վնասի ավելի բարձր շեմի: Համապատասխանաբար, սեպտեմբերի 1-ից վարորդները, եթե ունեն համաձայնություն պատահարում մեղավորության վերաբերյալ և տուժողի վնասի ակնկալվող չափը չի գերազանցում 100 հազար դրամը, ապա նման պատահարները վարորդները կարող են գրանցել ինքնուրույն»,-ասաց Վահան Ավետիսյանը:

Նրա խոսքով` սա հնարավորություն է, ոչ թե պարտավորություն, իսկ համաձայնեցված հայտարարագիրը` բավականին պարզ փաստաթուղթ, որը հնարավոր է կազմել ու պատահարի վայրից մեքենան հեռացնել 5-7 րոպեի ընթացքում: Եթե կողմերը որոշել են ինքնուրույն գրանցել վթարը, անհրաժեշտ է առնվազն երեք անգամ լուսանկարել բախված մեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները, լրացնել ու ստորագրել համաձայնեցված հայտարարագիրը, ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը: Պետք է նաև հեռախոսով մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը տեղեկացնել վթարի մասին` ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունը:

«2016 թվականի մարտից ներդրված այս համակարգի արդյունքում մարտին ունեցանք 230 պատահար, որոնք վարորդները գրանցեցին ինքնուրույն, վճարվեց շուրջ 10 միլիոն դրամ ապահովագրական հատուցում: Հուլիսի տվյալներով ունենք 430 ինքնուրույն գրանցված պատահար, վճարվել է շուրջ 17 միլիոն դրամ հատուցում»,-տեղեկացրեց բանախոսը` հավելելով, որ շեմը բարձրացնելու դեպքում ակնկալվում է, որ նշված պարզեցված եղանակով ինքնուրույն գրանցումների թիվը կլինի 1200-1500: 3-7 օրվա ընթացքում տուժողը կարող է փոխհատուցում ստանալ ապահովագրական ընկերությունից: Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը կարելի է ներբեռնել Բյուրոյի կայքից:

Մեկ այլ փոփոխությամբ էլ սեպտեմբերի 1-ից համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող ավտովթարներից բացի մնացած բոլոր վթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից: Այսինքն` ապահովագրական ընկերություններն այլևս պարտավորություն չունեն ժամանելու դեպքի վայր: Նշյալ դեպքում պետք է վարորդները պատահարի վայր հրավիրեն ՃՈ-ին և հետևեն վերջինիս ցուցումներին: Իսկ մինչ ՃՈ ժամանումը անհրաժեշտ է չտեղաշարժել ավտոմեքենաները: Պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում վթարի մասին պետք է հեռախոսով տեղեկացվեն նաև ապահովագրական ընկերությունները:


© 2009 ARMENPRESS.am