Միհրան Հարությունյանը հույս ունի, որ մարզաշխարհն աչք չի փակի տեղի ունեցած անարդարության դեմ

16:20, 22 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն անդրադարձել է իր շուրջ կատարվող իրադարձություններին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Միհրան Հարությունյանի «В Контакте»-ի էջը, ներկայացնում է նրա խոսքերը.

«Չեմ հասկանում ինչից սկսել, բայց առաջինն, ինչ կուզեի ասել, դա  շնորհակալությունն է այն մարդկանց, որոնք չխուսափեցին «Ռիո-2016»-ի եզրափակչում իմ գոտեմարտի շուրջ կարծիք հայտնելուց: Շնորհակալ եմ ձեր ահռելի աջակցության համար: Ազգիս կողմից ահռելի աջակցություն եմ զգում: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է բարձրանալ օլիմպիական պատվո պատվանդան և լսել իր երկրի օրհներգը. ես բացառություն չեմ:

Ողջ կյանքիս ընթացքում օլիմպիական բարձրունքի եմ ձգտել: Ես երազել եմ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորության մասին, և այդ երկար սպասված պահը եկավ: Ռիոյի ճանապարհին իմ նկատմամբ շատ անարդարություններ եղան: Որքան էլ ինձ համար ցավալի ու վիրավորական էր, համբերություն ունեցա, ոչինչ չձեռնարկեցի, որովհետև «Ռիո-2016»-ին սպասումով էի: Ու կրկին հրաշք տեղի չունեցավ, ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չէի կարողանում զսպել ինձ:

Մի՞թե մարզաշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ոչ միայն ես. շատերներն են զրկվել մեդալից: Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից, որովհետև ըմբշամարտի աշխարհում որոշում են Սերբիան, կամ այլ պետություններ: Բայց ես հպարտ եմ, որ հայ եմ:

Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք: Ցանկանում եմ նաև շնորհավորել իմ ընկերոջն՝Արթուր Ալեքսանյանին, ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին արծաթե մեդալներ նվաճելու առթիվ:

Պետք չէ վիրավորել սերբին. նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում:  Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»,- գրել է Միհրան Հարությունյանը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am