Իրանի պաշտպանության նախարարությունը կենտրոնանալու է ռուսական «Սու» ինքնաթիռների գնման վրա

13:31, 22 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի կարիք չի ունենա Ռուսաստանից Ս-300 զենիթահրթիռային համալիրներ ստանալուց եւ սպառազինության մեջ իրանական «Բավար-373» («Վերա-373») համանման համալիրն ընդունելուց հետո: Ուստի երկրի պաշտպանության նախարարությունը մտադիր Է կենտրոնանալ «Սու» ինքնաթիռներ գնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրանական հեռուստատեսությանը հայտնել Է երկրի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը:

«Հակաօդային պաշտպանության գործողության մեծ շառավղով այլ համակարգերի (բացի Ս-300-ից եւ «Բավար-373»-ից)  անհրաժեշտություն մենք չունենք, մենք այլեւս չենք պլանավորում դրանք գնել: Ուստի Իրանի պաշտպանության նախարարության օրակարգում Ռուսաստանի հետ կոնսուլտացիաներ են նախատեսված «Սուխոյ»-ի ինքնաթիռների գնման շուրջ: Մեզ անհրաժեշտ Է ամրապնդել ռազմաօդային ուժերը»,-ասել Է նա:

Նրա խոսքով՝ «Բավար-373» զենիթահրթիռային համակարգերի համալիր փորձարկումները տեղի կունենան առաջիկայում: «Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի խնդրանքով՝ առաջին թեստավորումը կդառնա հրաձգությունը բալիստիկ հրթիռի վրա: Հաջող փորձարկումների դեպքում համալիրը կներկայացվի սերիական արտադրություն. մինչեւ տարեվերջ այն կդրվի մարտական հերթապահության»,-տեղեկացրել Է նախարարը:

Ավելի վաղ Թեհրանում կազմակերպվել Էր Իրանի պաշտպանական արդյունաբերության նվաճումների ցուցահանդես: Դրանում առաջին անգամ լայն հանրությանը ներկայացվել Էր ազգային պաշտպանական արդյունաբերության համալիրի կողմից ստեղծված «Բավար-373»-ը, որը, ինչպես պնդում են իրանական աղբյուրները, ռուսական Ս-300 զենիթահրթիռային համալիրի նմանօրինակն Է, ինչպես նաեւ առաջին իրանական տուրբոռեակտիվ շարժիչը, որն ստացել Է «Օուջ» («Բարձրակետ») անվանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am