Արթուր Ալեքսանյանն օլիմպիական ոսկին ստացավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը կրծքին

02:17, 17 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն օլիմպիական ոսկե մեդալն ստանալիս կրում էր շապիկ, որի վրա պատկերված էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատվո հարթակից իջնելով և լուսանկարիչներին մոտենալով՝ Արթուր Ալեքսանյանը ցուցադրեց իր շապիկը, ձեռքը կրծքին հպելով ժեստ կատարեց, որը վկայում էր այն մասին, որ նա հաղթանակը նվիրում է արցախյան պատերազմում հերոսաբար զոհվածներին:

Հայաստանի հավաքականը «Ռիո-2016»-ում առաջին  օլիմպիական ոսկին նվաճեց: 98 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանը գետնեց Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Լուգո Կաբրերային և 20 տարվա դադարից հետո Հայաստանին պարգևեց 1-ին ոսկե մեդալը:

Արմեն Նազարյանից հետո Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի համար առաջին օլիմպիական ոսկե մեդալը:  




© 2009 ARMENPRESS.am