«Ալաշկերտ»-ը 1:2 հաշվով պարտվել է «Արարատ»-ին

21:47, 30 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ շաբաթից մեկնարկում է ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը և հուլիսի 30-ին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն ու «Արարատ»-ը վերջին փորձամրցումն են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը 25 ֆուտբոլիստների (այդ թվում նաև փորձաշրջան անցնող երեք լեգեոներների) հնարավորություն է տվել իրենց դրսևորելու, ընդ որում, բոլոր փոխարինումները կատարել է ընդմիջումից հետո: Իսկ թիմերն ընդմիջման են գնացել 1:0 հաշվով՝ հօգուտ «Ալաշկերտ»-ի: Այդ գոլն 9-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել էր Նորայր Գյոզալյանը:

Երկրորդ խաղակեսում «Արարատ»-ին հաջողվել է ոչ միայն հավասարեցնել հաշիվը (գոլը հեղինակել է Սերգեյ Ավագիմյանը), այլ նաև վերջին րոպեին հաղթանակ կորզել: Ձախ թևից կատարած հաշվենկատ փոխանցմանը հմտորեն արձագանքել է փոխարինման մտած Գևորգ Նռանյանը և գլխի հարվածով գրավեց Արսեն Բեգլարյանի դարպասը: 2:1 հաշվով հաղթել է «Արարատ»-ը:


© 2009 ARMENPRESS.am