Վիեննայում կայացել է «Գեղարդ» երգչախմբի համերգը

17:49, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ հուլիսի 27-ին Վիեննայի «Հայաստան» կենտրոնում տեղի է ունեցել հանրաճանաչ «Գեղարդ» երգչախմբի համերգը՝ նվիրված Հայասատանի Հանրապետության անկախության 25-ամյակին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգին ներկա են եղել բազմաթիվ ավստրիացի հասարակական ու մշակութային գործիչներ, երաժշտագետներ, հոգևորականներ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով ներկայացրել է երգչախմբի պատմությունը՝ բարձր գնահատելով երգչախմբի նվիրական գործունեությունը՝ ուղղված աշխարհով մեկ հայկական մշակույթի ներկայացմանը:

«Գեղարդ» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը, իր հերթին, ներկայացրել է հայկական հոգևոր երաժշտությունը։ Համերգի ընթացքում երգչախումբը կատարել է Կոմիտասի, Երկանյանի, Աղաջանյանի և այլ կոմպոզիտորների մշակմամբ հայկական հոգևոր և ժողովրդական երգեր։

«Գեղարդ» երգչախումբը եվրոպական երկրներով իր համերգաշարը սկսել է Վիեննայից, որտեղից մեկնելու է Զալցբուրգ՝ մասնակցելու «Զալցբուրգեր Շպիլֆեստ» ամենամյա երաժշտական փառատոնին:


© 2009 ARMENPRESS.am