Դավիթ Շահնազարյանը Հայաստանի անվտանգության ապահովման համար կարեւոր է համարում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները

17:10, 27 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ պետք է լրջորեն մտածել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին եւ դիմել ՆԱՏՕ անդամ պետություններին նրանցից սպառազինություններ ստանալու խնդրանքով: «Անկախ ամեն ինչից` Հայաստանի ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերությունները Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչն են, որոնք պետք է ոչ միայն շարունակել, այլեւ ընդլայնել եւ խորացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ հուլիսի 8-9-ը Վարշավայում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ անդամ երկրները արտահայտեցին իրենց հստակ  դիրքորոշումը Ռուսաստանի վերաբերյալ: «Նրանք հասկացան, որ Ռուսաստանը ոչ միայն խախտում է միջազգային, համաեվրոպական անվտանգության սկզբունքները եւ վտանգ ներկայացնում հարեւանների համար, այլեւ փորձում է հաստատել  խաղի իր կանոնները, որոնք անընդունելի են լինելու ՆԱՏՕ-ի համար: Իմ կարծիքով՝ Ռուսաստանի  ղեկավարությունը պետք է երեք հետեւություն  անի Վարշավայի գագաթնաժողովից՝ շահելն անհնար է, չկորցնելը՝ եւս, խաղից դուրս գալը նույնպես անհնար է»,-եզրափակեց Դավիթ Շահնազարյանը:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 8-9-ը կայացավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում էին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները, այդ թվում` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Արևմտյան պետությունների ղեկավարներից բացի, գագաթնաժողովին  մասնակցում էին նաև Դաշինքի հետ համագործակցող երկրների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:


© 2009 ARMENPRESS.am