Սփյուռքի փոխնախարարն ընդունել է ՀՄԸՄ խմբապետական 7-րդ համագումարի մասնակիցներին

16:13, 27 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հուլիսի 27-ին հանդիպել է ՀՄԸՄ խմբապետական 7-րդ համագումարի մասնակիցների հետ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Սերժ Սրապիոնյանը ՀՄԸՄ խմբապետերին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ կարևորելով ՀՄԸՄ-ի ազգանվեր դերակատարությունը սերունդների առողջ դաստիարակության գործում:

«ՀՄԸՄ-ն ունի ավելի քան 100 մասնաճյուղ աշխարհի հայաշատ համայնքներում: Որդեգրելով ֆիզիկական և հոգևոր ներդաշնակության կենսակերպը՝ ՀՄԸՄ-ն տասնյակ սերունդներ է կրթել,  հայ երիտասարդին սովորեցնել է լինել արի, հայրենասեր, զարգացրել է նրա մեջ պատասխանատվության և պատվի զգացումը: Շնորհակալ ենք Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին իր արդյունավետ ջանքերի և նվիրումի համար: Համոզված ենք, որ 2018թ. Հայաստանում և Սփյուռքում ՀՄԸՄ-ի 100-ամյակը կնշվի մեծ շուքով»,- նշել է նախարարի տեղակալը:

Սրապիոնյանն ընդգծել է, որ նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ 2014թ. օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, իրականացվում են համատեղ ծրագրեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գառնիկ Մկրտիչյանը նշեց. «ՀՄԸՄ խմբապետական 7-րդ համագումարի մեկնարկից առաջ մենք մեր պարտքն ենք համարել այցելել ՀՀ սփյուռքի նախարարություն: Ուրախ ենք, որ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված ՀՄԸՄ-ական երիտասարդ խմբապետերն այսօր այստեղ են: Այո՛, մենք պատրաստվում ենք մեծ շուքով նշել մեր կառույցի 100-ամյակը և համոզված ենք, որ Սփյուռքի նախարարությունը կլինի մեր կողքին: Նախարարուհի Հրանուշ Հակոբյանին փոխանցեք մեր ջերմ ողջույններն ու երախտագիտությունը»:

Կենտրոնական վարչության ատենապետը 7-րդ համագումարի համար պատրաստված առաջին հուշանվերը հանձնել է Սփյուռքի նախարարությանը և նշել, որ հանդիպումից անմիջապես հետո ողջ կազմով պիտի այցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ պիտի խոնարհեն հուշակոթողին:

Քննարկվել են նաև Արցախի անվտանգությանը, Արցախի անկախության ճանաչման գործում կառույցի դերակատարությանը և անելիքներին, երկրի քաղաքական կյանքի հնարավոր զարգացումներին և ՀՀ տնտեսության զարգացմանը, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև համագործակցության զարգացմանն և ամրապնդմանը վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am