Ներսես Նազարյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

15:34, 25 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 25-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախարար Երիցյանը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին՝ նշելով, որ երկար տարիներ արտակարգ իրավիճակների համակարգում իրականացրած ծառայության արդյունքում ինքն այսօր արդեն արժանի է ստանձնելու այդ պաշտոնը:

Ա. Երիցյանը ներկայացրել է նաև փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանին, ով նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ - Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ: Նախարարը շնորհավորել է և հաջող ծառայություն մաղթել՝ նշելով, որ նշանակումը ճիշտ է և խոստումնալից:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձել է ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշել , որ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 6500 կրակոց և այլ ներգործության անհրաժեշտություն չի եղել:

Տնօրենի փոխանցմամբ՝ հուլիսի 24-ից ջերմաստիճանն արդեն նվազել է, տեղումներ այսօր սպասվում են միայն հարավային շրջաններում, սակայն ամպամածություն կպահպանվի հանրապետության ամբողջ տարածքում:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։


© 2009 ARMENPRESS.am