Որևէ ժողովրդավարական երկրում զենքի ուժով խնդիր լուծելն արդարացված չէ. ՀՀԿ խոսնակ

21:59, 21 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը զինված խմբի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով հանգուցալուծման կողմնակից է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

«Էրեբունի վարչական շրջանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք բոլորիս մտահոգում են: Մենք քննարկել ենք այս հարցը կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում: Տեղի է ունեցել ողբերգություն, սպանվել է ոստիկանության գնդապետ, ով ծառայել է հայրենիքին Արցախյան հերոսամարտի ժամանակ, նաև իր պարտականությունն էր կատարում օրեր առաջ»,-ասաց Շարմազանովը: 

Նա հույս հայտնեց, որ քրիստոնեական արժեհամակարգն ու հանդուրժողականությունը կհաղթեն: «Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են: Ես համարում եմ, որ բոլոր կողմերում խիղճն ու հանդուրժողականությունը կհաղթեն և կխուսափեք նոր արյունահեղությունից»,-ավելացրեց պաշտոնյան: 

Շարմազանովը շեշտեց՝ որևէ ժողովրդավարական երկրում զենքի ուժով խնդիր լուծելն արդարացված չէ՝ Միացյալ Նահանգներից մինչև Ճապոնիա:

 


© 2009 ARMENPRESS.am