Ռուս սահմանապահներն անցել են հայ-թուրքական սահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի

14:23, 16 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումներն անցել են Հայաստան-Թուրքիա սահմանի ուժեղացված հսկողության: Այս «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մամուլի բաժնից: Ռուս սահմանապահներն իրենց հայ գործընկերների հետ համատեղ իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանների պահպանությունը, ինչպես նաև ծառայություն են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-թուրքական սահմանի երկարությունը 345 մետր է:

Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 194 մարդ(հեղաշրջման փորձի 104 մասնակից, իշխանամետ 90 մարդ): Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել:


© 2009 ARMENPRESS.am