Վերջին տարիներին հայաստանաբնակ հայ գրողների ստեղծագործություններն ավելի շատ են հրատարակվում օտար լեզուներով. ՀԳՄ նախագահ

20:30, 15 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական լրատվամիջոցները պատշաճ կերպով չեն լուսաբանում հայ գրողների հաջողություններն արտասահմանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` հավելելով, որ գրահրատարակչական ոլորտում արձանագրված հաջողությունները անկախության տարիների կարևոր ձեռքբերումներից են:

«Տասնյակ հեղինակներ են հրատարակվել օտար լեզուներով տարբեր երկրներում, կան հեղինակներ, որոնց ոչ թե մեկ, այլ մի քանի գրքերն են հրատարակվել, ուստի դժվար է բոլորի անունները թվարկել»,- շեշտեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով` վերջին հինգ տարվա ընթացքում հայաստանաբնակ հայ գրողների ստեղծագործություններն ավելի շատ են հրատարակվում օտար լեզուներով, քան խորհրդային տարիներին:

Գրողների միության նախագահը նշեց, որ օտարերկրյա հրատարակություններում ընդգրկված են թե’ հայ դասականների, թե’ տարեց և երիտասարդ գրողների ստեղծագործությունները:  

Միլիտոնյանը նաև շեշտեց, որ արտերկրում հրատարակված գրքերը նաև Հայաստանում են հաջողություններ ունեցել` արժանանալով տարբեր մրցանակների: 

Որոշ երկրներ սևեռուն հետաքրքրություն են ցուցաբերում հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների հանդեպ: Նորայր Ադալյանի «Տեսիլք» գիրքը Գերմանիայում հրատարակվել է 2010 թվականին, Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» Հոլանդիայում` 2010-ին, Վարդան Հակոբյանի «Քարի շնչառությունը» Վրաստանում` 2012-ին, Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ օտոմանը» Ռումինիայում` 2011-ին, Ֆրանսիայում` 2012-ին և Ռուսաստանում` 2013-ին, Գագիկ Դավթյանի «Բաց նամակ» բանաստեղծությունները Վրաստանում`  2013-ին և «Աստանդական սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն Լեհաստանում  ու Ֆրանսիայում` 2015-ին, Էդվարդ Միլիտոնյանի «Օդեղեն տունը» Ղազախստանում`  2012-ին, Բելառուսում`  2015-ին,  Ուկրաինայում` 2016-ին, իսկ Իրանում` 2015 թվականին, Զորի Բալայանի ստեղածագործությունների ութ հատորյակը Ռուսաստանում`  2015-ին, Վահագն Գրիգորյանի գիրքը իտալերեն է հրատարկվել 2012 թվականին, Սուրեն Մուրադյանի մանկական բանաստեղծությունների ժողովածուն` «Նապաստակի մուշտակը»: Իսկ Իրանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հայ գրողների ստեղծագործությունների նկատմամբ: «Ուրախալի է,  որ Վախթանգ Անանյանից հետո հայ մանկագրությունն օտար լեզուներով շարունակում է հրատարկվել: Արտասահմանում մեր ամենաշատ հրատարակված հեղինակը Վախթանգ Անանյանն է, ում ստեղծագործությունները հրատարակվել են 40-ից ավելի լեզուներով»,-փաստում է Միլիտոնյանը: 


© 2009 ARMENPRESS.am