ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին

14:12, 15 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին: «Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնում են ԱԳՆ-ից:

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ ՀՀ մեկ քաղաքացի զոհվել է հուլիսի 14-ի ահաբեկչության հետևանքով: «Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»,-հայտարարել էր ԱԳՆ-ն:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ահաբեկչության հեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է` Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31-ամյա երիտասարդ:


© 2009 ARMENPRESS.am