ԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական թվային շուկա ունենալու հարցերը

13:22, 14 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թվային տեխնոլոգիաները հարթակ են թվային տնտեսության զարգացման համար: Այս մասին նշել է Ներքին շուկայի, ինֆորմատիզացիայի և հաղորդակցական-տեղեկատվական հարցերով ԵԱՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանը Եկատերինբուրգում հուլիսի 13-ին կայացած «ԻՆՆՈՊՐՈՄ 2016» արդյունաբերական ֆորումի շրջանակներում անցկացված ԵԱՏՄ տարածքում միասնական թվային տարածության ստեղծմանը նվիրված քննարկման ժամանակ: «Ակնհայտ է, որ թվային տեխնոլոգիաները հարթակ են թվային տնտեսության զարգացման համար: Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում կարգավորել և խթանել այդ ամենի ստեղծումը, զարգացումը, ինչպես նաև ինտեգրացիայի ապահովումը այլ հարթակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարց է բարձրացրել Կարինե Մինասյանը:

Քննարկմանը մասնակից բիզնես ոլորտի խոշոր ընկերությունները, տեղեկատվական տեխոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձել են մի շարք հարցերի` կապված եղած ներուժի, արդի մարտահրավերների, նոր բիզնես մոդելի մշակման հետ:

Մասնակիցները  դիտարկել են դեղերի և բժշկական ոլորտի այլ արտադրությունների միասնական շուկայի ձևավորումը թվային տեխնոլոգիաների հիման վրա: Նրանք վերլուծել են Եվրամիության, Չինաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի փորձը` կապված դեղամիջոցների շարժը թվային տեխնոլոգիաներով վերահսկելու հետ:


© 2009 ARMENPRESS.am