Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ընդունել է «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակիցներն

20:40, 13 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների՝  «Հայաստան. Ստեղծենք միասին»   երիտասարդական առաջին հավաքի  մասնակիցներն հուլիսի 13-ին այցելել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ  մեկնարկել է «Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» թեմայով նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով. «Նիստը վարում էր  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Նա հակիրճ անդրադարձավ  թանգարանի ստեղծման պատմությանը, թանգարանների այցելուների դրական դինամիկային: Բանախոսը ներկայացրեց Հայաստանում առկա մշակութային խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Այնուհետև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը զեկուցեց   «Կոմիտասի ժառանգությունն ինքնության հարցերի համատեքստում» թեմայով՝ նշելով, որ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության հիմնադիրը լինելուց բացի, եվրոպական երաժշտության համատեքստում 20-րդ դարասկզբի ամենահետաքրքիր, ամենանորարար և նշանակալի երևույթներից, հայ ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ 

Այնուհետև հուշարձանագետ, փորձագետ Սամվել Կարապետյանը ներկայացրեց «Հայկական շահերի պաշտպանությունը հայկական պատմական ժառանգության պահպանման համատեքստում» զեկույցը:

Բանախոսը տեսաշարի միջոցով ներկայացրեց հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը, ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ում: Նա նաև անդրադարձավ Վրաստանում և Իրանում հայկական մշակութային ժառանգության վիճակին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության բարեհաճ վերաբերմունքը հայկական հուշարձանների վերականգմնան և պահպանման հարցում:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը զեկուցեց «Հայկական ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» թեմայով:

 Նա տեսաշարի միջոցով  ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված նյութական և ոչ նյութական հայկական արժեքները:

Նիստի ավարտից հետո բանախոսները պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին:

Երիտասարդները շրջայց կատարեցին Կոմիտասի անվան պանթեոնում, ծանոթացան տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին:

Հավաքի երրորդ օրվա ավարտից հետո մասնակիցները «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում դիտեցին  ֆիլմեր»:


© 2009 ARMENPRESS.am