«Ոսկե ծիրան». վրացական նորագույն ֆիլմերը կինոփառատոնում

15:50, 13 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի շարքում է վրացի ռեժիսոր Նինո  Բասիլիայի «Աննայի կյանքը»:

«Մենք վրացական ֆիլմերին մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն այն պատճառով, որ վրացիները մեր հարևաններն են, և նրանց պետք է լավ ճանաչել, այլև որովհետև վրացական կինոն հիմա շատ հետաքրքիր զարգացում է ապրում»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Վրացի կինոգործիչների նոր սերունդը մի կողմից զարգացնում է բոլորին հայտնի վրացական կինոյի ավանդույթները, մյուս կողմից` իր ասելիքն է բերում: Ստամբոլցյանի համոզմամբ` նոր սերնդի ռեժիսորների ֆիլմերում զգացվում է, թե ինչ է կատարվում Վրաստանում, այնտեղի նյարդը:

Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» ֆիլմը եռագրության առաջին մասն է: Երկրորդ և երրորդ ֆիլմերում նույն դերասաններն են լինելու: «Սա իրական պատմություն է: Ես ուզում էի ցույց տալ, թե կանայք ինչպես են պայքարում, թե որքան ուժեղ են նրանք»,- ասաց Բասիլիան:

Ստամբոլցյանը նաև նկատեց, որ ֆիլմում երաժշտություն գրեթե չկա: Ռեժիսորը պատմեց, որ սկզբում ինքը կոմպոզիտորի հետ աշխատում էր երաժշտության վրա, բայց արդյունքում ոչինչ չէր համապատասխանում: Ի վերջո, Բասիլիան այն եզրակացությանն է եկել, որ առանց այդ էլ լարված տեսարաններում երաժշտությունն ավելորդ է:


© 2009 ARMENPRESS.am