«Հայաստան. Ստեղծենք միասին» հավաքի մեդիայի աշխատանքային խումբը Հայոց ցեղասպանության թեմայով նիստ է գումարել

18:29, 12 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստան. Ստեղծենք միասին»  առաջին երիտասարդական հավաքի  մասնակիցները հուլիսի 12-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, որից հետո շրջայց են կատարելն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Այնուհետև մեկնարկեց «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց» թեմայով, որը վարում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ելույթ ունեցավ «Նոր հանգրվաններ ու հեռանկարներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու գիտական ուսումնասիրության համար» թեմայով՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության ոլորտում ձեռք բերած արդյունքներին:

Բանախոսը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունն ու հետագա ծրագրերը:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համապարփակ ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության հիմնական փուլերն ու առանձնահատկությունները:

IDeA հիմնադրամի իրավական հարցերով գլխավոր խորհրդատու Եղիշե Կիրակոսյանը անդրադարձավ Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերին, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և անհրաժեշտ մեխանիզմներին, ինչպես նաև առկա մարտահրավերներին ու հիմնախնդիրներին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ներկայացրեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի տեսլականը և ընդգծեց, որ այդօրինակ ֆորումների նպատակն է շարունակել Հայաստանի Հանրապետության նախաձեռնողական քայլերը՝ ուղղված ցեղասպանություն հանցագործության կանխարգելմանը, նպաստել արտաքին քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացմանը:

IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը խոսեց «Ավրորա մրցանակաբաշխության դերի և նշանակության մասին:

Նիստի ավատից հետո բանախոսները պատասխանեցին հավաքի մասնակիցների ուսանողների հարցերին:

Ներկաները դիտեցին ֆորումի մասին պատմող տեսաֆիլմ»:


© 2009 ARMENPRESS.am