ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Բաղդադում իրականացված ահաբեկչությունը

17:08, 4 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է հուլիսի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված ահաբեկչությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտգործնախարարությունը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք խստորեն դատապարտում ենք Բաղդադում իրականացված սարսափելի հարձակումը: Մենք կանգնում ենք Իրաքի և նրա ժողովրդի կողքին` գործադրելով մեր ջանքերը հանուն ահաբեկչության վերացման` դրա բոլոր ձևերում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:

Իրաքի մայրաքաղաքի Կարադա շրջանում հուլիսի 3-ին ականապատ մեքենա է պայթել: Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ: Դա վերջին տարիներին Իրաքում իրականացված ամենամահացու ահաբեկչական գործողությունն է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:


© 2009 ARMENPRESS.am