Շտայնմայերը Բաքվում ընդգծել է ԼՂ կարգավորման հարցում փոխզիջման անհրաժեշտությունը

21:28, 30 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում ընդգծել է փոխզիջման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ և կայուն կարգավորման հասնելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, նա հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ` շեշտելով կարգավորման գործընթացն առաջ տանելու ԵԱՀԿ նախագահության վճռականությունը: Շտայնմայերը Բաքվի իր գործընկերներին կոչ է արել ապացուցել փոխզիջման գնալու իրենց պատրաստակամությունը, որը կարևոր է կարգավորման գործընթացի առաջընթացի համար:

ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Կասպշիկին: 


© 2009 ARMENPRESS.am