Չավուշօղլուն գերմանական մամուլն անազատ է անվանել

10:53, 8 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն որակել է գերմանական մեդիան իբրև անազատ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն խոսել է թուրքական TRT-ին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով նաև ռուսական մեդիադաշտում հայերի ունեցած դերակատարությանը:

 «Գերմանիայում չկա ազատ մամուլ: Եթե ազատ է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող տարբեր պարբերականներ հակաէրդողանական գլխագրեր են դնում»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը` հակաէրդողանական գլխագրերը համարելով գերմանական մամուլի անազատության ապացույց: Չավուշօղլուն ասել է, թե Գերմանիայում ամեն բան համակարգված է, և Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ևս այդ համակարգված մոտեցման մասն է:

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ռուսական մեդիան մի խումբ հայերի ձեռքում է, ովքեր մեդիադաշտում առանցքային դերակատարություն ունեն: «Նրանք (հայերը- խմբ.) հատկապես ցանկանում են թունավորել ռուս ազգին ընդդեմ թուրք ժողովրդի, սակայն, ինչպես երևում է, նրանք այդքան էլ չեն հաջողել»,- ասել է Չավուշօղլուն:

 


© 2009 ARMENPRESS.am