2016թ. առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5 տոկոս

15:55, 31 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016թ. հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2016 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Արձանագրվել է տնտեսական ակտիվության 5.5 տոկոս աճ: Սրան ամենաշատը նպաստել է ծառայությունների ոլորտի 3.5 տոկոս աճը, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի 1.6 տոկոս աճը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում 1.1 տոկոսով նվազել է առևտրաշրջանառությունը: Անկումը պայմանավորված է մանրածախ առևտրի 4.7 տոկոս նվազմամբ: Առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին անվանական աշխատավարձն աճել է 3.5 տոկոսով, իսկ իրական աշխատավարձը՝ 4.9 տոկոսով:

Ջանջուղազյանը հավելեց, որ 2016թ. առաջին եռամսյակում վերջնական սպառումը իրական արտահայտությամբ նվազել է 2 տոկոսով: Կապիտալ ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 1 տոկոսով:


© 2009 ARMENPRESS.am