Ռուսաստանը հրապարակել է ԻՊ-ին քիմիական նյութեր ուղարկող թուրքական ընկերությունների ցանկը

12:02, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հրապարակել է Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից պայթուցիկ սարքավորումներում օգտագործվող քիմիական նյութեր մատակարարող թուրքական ընկերությունների ցանկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sputnik-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարություն հղած նամակում Չուրկինը նշել է, որ ԻՊ-ին քիմիական նյութեր են ուղարկում  GՖltaş Kimya, Marikem Kimyevi եւ EndՖstriyel ՆrՖnler, Metkim, Ekim GՖbre եւ Diversey Kimya թուրքական ընկերությունները:

«Իրաքի Թիքրիթ եւ Սիրիայի Քոբանի տարածաշրջաններում ԻՊ-ի մարտիկների կողմից օգտագործված պայթուցիկների մնացորդների անալիզը ցույց է տվել, որ այդ նյութերն արտադրվել են Թուրքիայում: ԻՊ-ին ուղարկված քիմիական նյութերի մեջ հայտնաբերվել են այլումինի փոշի, ամոնիումի նիտրատ, կարբամիդի հատիկներ եւ ջրածնի գերօքսիդ, որոնք արտադրել են թուրքական հիշյալ ընկերությունները», -նամակում նշել է Չուրկինը` հավելելով, որ Թուրքիայից Սիրիա ամոնիումի նիտրատի առաքումները 7 անգամ աճել են:

Ռուս պաշտոնյան նաեւ նշել է, որ ԻՊ-ի մերձավորարեւելյան մասնագետների պատրաստած պայթուցիկներում հայտնաբերվել են ԱՄՆ-ի Microchip Technology ընկերությանը պատկանող «միկրոհսկիչներ», Շվեյցարիայի ST Microelectronics ընկերության կողմից արտադրվող «տրանզիստորներ» եւ Nokia 105 RM-908 տեսակի հեռախոսներ:


© 2009 ARMENPRESS.am