ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց կամավորականների աշխատանքային երաշխիքների նախագիծը

13:47, 25 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանել այն անձանց համար, ովքեր ապրիլի 2-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում կամավոր հիմքունքներով մեկնել են դիրքեր:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 106 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող եւ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ  համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախագծով նաև նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կամավորական համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովում՝ 2016 թվականի ապրիլի 1-ից հետո կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքների  սահմանմամբ: 


© 2009 ARMENPRESS.am