Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ- Ասադին

21:16, 24 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Տարտուսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ բնակավայրերում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռագրում նշված է. «Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ այս զարհուրելի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և կոչ անում միջազգային հանրությանը հավաքական ուժերով շարունակել պայքարն այս չարիքի դեմ:

Հայտնում եմ իմ անկեղծ վշտակցությունը Ձեզ, Սիրիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:


© 2009 ARMENPRESS.am