Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները կարևորել են քաղաքական համերաշխությունը

14:24, 24 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը,  Ազատ Հայրենիք կուսակցությունը, Ազատություն կուսակցությունը, Ազգային միաբանություն կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Հզոր Հայրենիք կուսակցությունը, Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ գրասենյակից, հայտարարության մեջ ասվում է.

«Մենք` 2016 թվականի մայիսի 21-22-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներս, կարևորելով`

Հպարտանում ենք ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի  պետական կառույցների կազմակերպվածությամբ և Պաշտպանության բանակի ցուցաբերած արիությամբ, անձնազոհությամբ ու հաղթական ոգով և մեր ողջ ժողովրդի դրսևորած միասնականությամբ:

Դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիան և ահաբեկչական գործողութուններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հայ ժողովրդի, ինչպես նաև պետական մակարդակով իրականացվող հայատյացության ու անհանդուրժողականության քաղաքականությունը:

Ընդգծում ենք, որ կուսակցությունները մեր քաղաքացիների քաղաքական,  իրավական, սոցիալական, հումանիտար, տնտեսական և այլ շահերի ամենաարդյունավետ արտահայտողներն են :

Հավաստում ենք,  որ կուսակցությունները Հայաստանի և Արցախի ներքին և արտաքին մարտահրավերներին լիարժեք դիմակայելու նպատակով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն իրենց ինտելեկտուալ, կազմակերպչական, կառուցվածքային և այլ կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու համար:

Կարևորում ենք քաղաքական համերաշխության և հասարակական համախմբվածության կենսական նշանակությունը ազգային անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրների, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման նպատակով:

Ամրագրում ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ և  ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է:

Առաջնահերթություն ենք  համարում  նման համագործակցությունն ակտիվորեն օգտագործելը  մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներում :

Վերահաստատում ենք նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, և պատրաստակամությունը դրանք դարձնել պարբերական և մշտապես կազմակերպել Արցախի Հանրապետությունում՝ ներառելով կուսակցական կառույցների հնարավորինս լայն շրջանակ` կանանց կազմակերպություններ, երիտասարդական թևեր, փորձագետներ և այլն»:


© 2009 ARMENPRESS.am