Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի նկատմամբ

12:34, 14 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ermenihaber.am-ը գրում է, որ հայ և ադրբեջանցի մարզիկների միջև ընթացող մենամարտերից մեկի վերջում, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել մեր մարզիկին:

Այնուհետև, նրան միացել է նաև ադրբեջանցի մարզիկը, ով ռինգի մեջ թիկունքից հարվածում էր Դավիթ Պետրոսյանին, ինչից հետո ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են Հայաստանի հավաքականի անդամաների վրա:

Ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի քունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին: Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:

Ի դեպ, հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:


© 2009 ARMENPRESS.am