Իրավիճակը սահմանին հարաբերականորեն հանգիստ է, խախտումները արժանի պատասխան են ստացել. Օհանյան

12:41, 9 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է: Հրադադարի խախտում, իհարկե, արձանագրվել է, որը հայկական կողմից արժանի պատասխան է ստացել: Այս մասին մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Իհարկե կրակոցներ, խախտումներ եղել են, բայց պաշտպանության բանակի ղեկավարության տեղեկատվությամբ այդ խախտումները արժանի հակահարված ստացել են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Նախիջևանի հատվածում ադրբեջանական զորքերի կուտակմանը, Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերը յուրաքանչյուր փոփոխություն արձանագրում են և հետևում իրավիճակին: «Եվ պաշտպանության բանակը, և ՀՀ զինված ուժերը համապատասխան պլանավորում են իրականացնում, դրա մեջ ուղղություններ առանձնացնում, որն ուղղված է մեր անվտանգության հաստատուն պահպանմանը»,-շեշտեց ՀՀ ՊՆ-ն:

Ադրադառնալով Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագծի շրջանառությանը` Սեյրան Օհանյանը նկատեց. «Հայաստանի Հանրապետությունը կատարում է դիվանագիտական աշխատանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչման տանելուն ու այդ դիվանագիտական աշխատանքը նուրբ ու հետևողական է: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում, և կարծում եմ ` մենք ճիշտ ճանապարհին ենք»:


© 2009 ARMENPRESS.am