Սիրիայի առաջին հայուհի պատգամավորի աշխատանքը կենտրոնանալու է կնոջը վերաբերող օրենսդրական հարցերի վրա

10:30, 29 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապաքինվող Սիրիայի համար» կարգախոսով Սիրիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցած և տպավորիչ քվեներով խորհրդարան անցած առաջին հայուհին` Նորա Արիսյանը, վճռական է աշխատելու երկրում պատերազմի հետևանքների վերացման, հայ համայնքին հուզող խնդրիների վերհանման հարցում, կրթության, մշակույթի և կնոջը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններում: «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի բացառիկ հարցազրույցը:

-Լինելով առաջին հայուհին, ով պատգամավորական մանդատ է ստացել Սիրիայի խորհրդարանում` ինչպիսի՞ պատասխանատվությամբ եք ստանձնում այդ պատասխանատու պաշտոնը:

-Իրոք մեծ պատասխանատվություն է ոչ միայն որպես առաջին հայուհին, այլ որպես սիրիացի քաղաքացի, որի թեկնածությունն առաջադրվեց Արաբ գրողների միության քաջալերանքով, և որի անունը ներառվեց «Ազգային դաշնության» ցանկում, և վայելում է երկրի իշխանության և ժողովրդին վստահությունը, ու մանավանդ որ ստացել եմ 365 հազար 104 ձայն: Մյուս կողմից, պատասխանատվությունը բազմապատկվում է այս պահին, երբ Սիրիան անցավ պատերազմի շրջանն ու տակավին շատ բան կա անելու` վերացնելու պատերազմի հետևանքները:

-Դամասկոսի հայկական համայնքը համախմբվել է Ձեր շուրջ, Ձեզ տվել իր ձայները և պատվիրակել Ձեզ Սիրիայի խորհրդարան: Որո՞նք են այն հիմնական, առաջնային հարցերը, որ հուզում են համայնքին, և Դուք պետք է բարձրացնեք Սիրիայի խորհրդարանում:

-Բախտավորված եմ, որ Դամասկոսի հայերը միասնական կեցվածքով մոտեցան իմ թեկնածուական խնդրին, որի համար շնորհակալ եմ: Պետք է ասել, որ հայ համայնքի զավակները մեկ մասնիկն են սիրիական հանրության, հետևաբար բոլոր քաղաքացիների նման ունեն առաջնահերթ հարցեր` կապված Սիրիայի վերականգման հետ:

-Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար օրենսդրական առումով որտե՞ղ եք բացեր տեսնում: Ո՞րն է լինելու Ձեր առաջին օրենսդրական նախաձեռնությունը:

-Ասեմ, որ իմ նախընտրական կարգախոսն էր «Ապաքինվող Սիրիայի համար», որը մեծ արձագանգ ունեցավ, որտեղ հաստատեցի, որ խորհրդարանի անդամ լինելս դրսևորումն է Սիրիայում բազմազանության և ազգային հյուսվածքի միասնության, և միևնույն ժամանակ իգական սեռի ներկայության ամրապնդմանը: Լինելով Արաբ գրողների միության անդամ ու համալսարանի դասախոս, աշխատանքս կենտրոնանալու է կրթության, մշակույթի և կնոջը վերաբերող օրենսդրական հարցերի վրա:

-Որպես Սիրիայի խորհրդարանի անդամ, ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել Հայաստան-Սիրիա հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Ձեր գնահատմամբ` այդ հարաբերությունները` քաղաքական, տնտեսական, հումանիտար ասպեկտներով, գոհացնո՞ղ են:

-Հայաստան-Սիրիա հարաբերությունները հիմնադրման օրից ի վեր, շնորհիվ ՀՀ դեսպանատան ջանքերի, արդեն անցել են մեծ փուլ, սակայն պատերազմի տարիներին որոշ կասեցում ապրեցին: Հուսանք` խաղաղ պայմաններում հնարավոր կլինի ամրապնդել այդ հարաբերությունները:

-Հայոց ցեղասպանության միջոզգային ճանաչման գործում ձեր հանձնառությունն ու նվիրումը հայտնի է բոլորին: Արդյոք Սիրիայի խորհրդարանում ունենալո՞ւ եք որևէ նախաձեռնություն` կոչ անելով այդ երկրին ճանաչել ու դատապարտել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը:

-Նախկինում անձամբ կատարել եմ լայնածավալ ուսումնասիրական աշխատություններ այս առումով, որոնք ներկայացրել եմ խորհրդարան` որպես Հայոց ցեղասպանության թեմայի աղբյուր: Անցած տարի ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար կայացավ խորհրդարանի նախագահի այցը Երևան, որտեղ նա ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Մյուս կողմից խորհրդարանում հատուկ նիստ գումարելը, մեկ վայրկյան լռությունն ու արված հայտարարությունն աննախընթաց էին: Այս նստաշրջանում ևս, հուսով ենք, որ կշարունակվեն այդ նախաձեռնությունները:


© 2009 ARMENPRESS.am