Գոռ Մինասյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

21:12, 16 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց +105 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը ներկայացնում էր Գոռ Մինասյանը, ում հաջողվել է նվաճել Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը՝ ցուցաբերելով երկամարտի ընդհանուր 442 կգ (205+237) արդյունք: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի 21-ամյա ներկայացուցչի գլխավոր մրցակիցը եղել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն, ով իր մեջ ուժեր գտավ գլխավերևում պահելու երկամարտի ընդհանուր 463 կգ (212+251) արդյունք, որը ռեկորդային էր Եվրոպայի առաջնությունների համար:

Տղամարդկանց +105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարում Մինասյանը պոկում վարժությունում նախ 195 կգ ծանրաձող է բարձրացել, ապա պատվիրել է 200 կգ: Երկրորդ մոտեցումը ևս հաջողությամբ է պսակվել: Մինասյանը 3-րդ մոտեցման համար պատվիրել է 205 կգ և կարողացել է գլխավերևում պահել նաև այդ քաշը՝ զբաղեցնելով 2-րդ տեղը պոկում վարժությունում: Լավագույն արդյունքը ցուցաբերել է Վրաստանի ներկայացուցիչը՝ 212 կգ պոկում վարժությունում:

Հրում վարժությունում Մինասյանի առաջին պատվերը եղել է 231 կգ ծանրաձողը, որը առաջին փորձից չի ենթարկվել մարզիկին: Մինասյանը հաջողությամբ է ավարտել իր 2-րդ մոտեցումը՝ կարողանալով բարձրացնել 231 կգ: Իր 3-րդ մոտեցման ժամանակ  նա պատվիրեց 237 կգ ծանրաձողը և բարձրացրեց այն՝ գրանցելով երկամարտի ընդհանուր 442 կգ արդյունք:

Պոկում վարժությունում լավագույն արդյունքը ցույց տվեց վրացի մարզիկը՝ վերջին՝ 3-րդ մոտեցման ժամանակ հաջողությամբ բարձրացնելով 251 կգ ծանրաձողը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը երկամարտի ընդհանուր 424 կգ (185+239) արդյունքով նվաճել է Էստոնիայի 25-ամյա ներկայացուցիչ Մարտ Սեիմը:

Ֆյորդեում մի քանի օր տևած Եվրոպայի ծանրամարտի առաջնությունն այս քաշային կարգով ավարտվեց՝ անցնելով պատմության գիրքը: Հայաստանի կանանց հավաքականը գրավեց 1-ին տեղը մեդալիների ընդհանուր պայքարում, իսկ ահա տղամարդկանց հավաքականը 2-րդն էր: Կանանց և տղամարդկանց հավաքականների ընդհանուր ցուցանիշով Հայաստանը դարձավ լավագույնը ծանրամարտի  2016 թ. Եվրոպայի առաջնությունում:


© 2009 ARMENPRESS.am