Բակո Սահակյանն ընդունել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

13:11, 13 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Հանդիմանը քննարկվել են  պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուշադրության կենտրոնում էին ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին համայն հայությունը ցուցաբերել է օրինակելի միասնականություն, բարձր հայրենասիրություն եւ անձնվիրություն` ընդգծելով այս գործընթացում Հայ առաքելական եկեղեցու կարեւոր դերակատարությունը:

Երկրի ղեկավարը արժեւորել է Ամենայն Հայոց եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսների այցն Արցախ`նշելով նրա պատմական լինելը հոգեւոր, քաղաքական եւ մատաղ սերնդին հայեցի դաստիարակության տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրագույն հոգեւորական դասի մի խումբ ներկայացուցիչներ:


© 2009 ARMENPRESS.am