ՊԲ-ն Արցախի երկնքում խոցել է ադրբեջանական գրոհային անօդաչու թռչող սարք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

15:20, 8 Ապրիլ, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 7-ին ժամը 23:00-ի սահմաններում Արցախի երկնքում ՊԲ հակաօդայինների կողմից խոցվել է հակառակորդի հերթական գրոհային անօդաչու թռչող սարքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՊԲ-ն հրապարակել է խոցված ԱԹՍ-ի լուսանկարները:  

Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ անգամ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) Արցախում են: Նման քայլը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը որակում է որպես ահաբեկչության և հիմարության դրսևորում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Արցախի նախագահին, երբ Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ: Մինսկի խմբի համանախագահների կողմից խաղաղարար առաքելության ժամանակ անօդաչու թռչող սարքի ուղարկումն Արցախ ահաբեկչության և հիմարության դրսևորում է»,- նշել է Դավիթ Բաբայանը:


© 2009 ARMENPRESS.am