Կարեն Վարդանյանը սպանվել է. ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներին

09:42, 1 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը սպանված է հայտնաբերվել: Նա մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Մարտի 30-ին ՀՀ քրրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորոության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ մարտի 31-ին, ժամը 23.40-ին, Երևանի Տիգրան Մեծի և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Գևորգ Զոհրաբյանը, 1981 թ. ծնված Ա. Զ.-ն, 1979 թ. ծնված Հ. Վ.-ն, 1960 թ. ծնված Ա. Դ.-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Միհրանյանը:

Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:

Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են:

Քննությունը շարունակվում է:


© 2009 ARMENPRESS.am