Սպասվող լրահոս. 14.03.2016

09:08, 14 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 14-ին, սպասվում է Երևան-Մոսկվա տեսակամուրջ` որի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի գործիչները կանդրադառնան ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց նվազեցման ուղիներին վերաբերող հարցերին։ Մոսկվայից տեսակապին կմասնակցի ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի անդամ Անատոլի Վիբորնինը, իսկ Հայաստանից`ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Մարտի 15-ին լրանում է սիրիական հակամարտության 5-րդ տարին: Արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը կանդրադառնան Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին: Մերձավորարևելյան զարգացումների համատեքստում թուրքական քաղաքականությանը, քրդական հարցին, Թուրքիայի հայկական համայնքի օրակարգային խնդիրների մասին կխոսի թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Իսկ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանն էլ կվերլուծի ղարաբաղյան խնդրի հետ կապված վերջին զարգացումները:

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Հայաստանում Կանադայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպում է հայ-կանադական գործարար համաժողով՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտին:

Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքների համար բնակարան գնելու նախաձեռնության հեղինակ, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը, Երևանը Գյումրիի կողքին է դրամահավաքի կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը կներկայացնեն Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներին բնակարան գնելու դրամահավաքի մինչ օրս եղած արդյունքները: Կտեղեկացնեն նաև, թե ովքեր ելույթ կունենան մարտի 20-ին Երևանում կայանալիք համերգ-դրամահավաքի շրջանակներում:

Մեկամսյակի շրջանակներում ուշադրության կենտրոնում պահելով կանանց, սեքսոպաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը և բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը կանրադառնան կանանց առողջությանը, կքննարկեն տարածված խնդիրները ու դրանց հաղթահարման մեթոդները:

Մարտի 15-ը Սպառողների միջազգային օրն է: Օրվան ընդառաջ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կներկայացնեն, թե Հայաստանում որքանո՞վ են պաշտպանված սպառողների իրավունքները , ո՞ր ոլորտում են ավելի շատ լինում խախտումները, ինչպիսի՞ դրական զարգացումներ կան:

Մեկնարկում է «Բյուրոկրատ» գրախանութի նոր նախագիծը՝ «Հանդիպումներ Բյուրոկրատում» խորագրով: Հանդիպումներին կհրավիրվեն գրողներ, կներկայացվի նրանց ստեղծագործությունը, կլինեն զրույցներ, դասախոսություններ, քնարկումներ գրքի, գրականության շուրջ: Գրողներից բացի, հանդիպումների հյուր կլինեն նաև հանրությանը ծանոթ ու հետաքրքիր այլ մարդիկ: Առաջին հանդիպման հյուրն է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


© 2009 ARMENPRESS.am